четверг, 16 февраля 2012 г.

Այսօր` 16 փետրվարի, Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է:


Սուրբ Վարդան Մամիկոնյան
            Սուրբ Վարդան Մամիկոնյանի խոսքը
                              հայոց զորքին:
 Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ` ինձ հետ. տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել, ոչ թե հաղթված: Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր՝ վատ անուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից: Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար էլ մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ` այդ բազմաթիվ արարքները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են:

Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիրներ, մանավանդ, որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավն եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեր առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր ու բարձրալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չընկրկեք ու չվախենաք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպիսի եթե Տերը հաղթություն մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպիսի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը` մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության և քաջության մեջ վախկոտություն չխառնենք:

 Իսկ արդ երկու և երեք կռիվների մեջ Ինքը` Տերը, մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովությունը իջեցրինք, լեռնցած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց: Նա, ով ամպերի վրայից էր որոտում, ընկճված իր սովորական բնույթից էլ ցած իջավ` մեզ հետ խոսելով: Նա, ով խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում: Նա, ով կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ: Եվ մենք էլ թեպետ մարմնով Երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին:

Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջությունները: Ով քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծո զորությունը:
Եվ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղծ կոչված բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր, հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած, առհասարակ խելամիտ ենք դարձել, որովհետև բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ: Մեր Զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զորագլուխը:


ԵՂԻՇԵ «Վարդանի և հայոց պատերազմի մասին»



Комментариев нет:

Отправить комментарий