четверг, 16 февраля 2012 г.

Այսօր` 16 փետրվարի, Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է:


Սուրբ Վարդան Մամիկոնյան
            Սուրբ Վարդան Մամիկոնյանի խոսքը
                              հայոց զորքին:
 Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ` ինձ հետ. տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել, ոչ թե հաղթված: Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր՝ վատ անուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից: Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար էլ մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ` այդ բազմաթիվ արարքները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են:

Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիրներ, մանավանդ, որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավն եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեր առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր ու բարձրալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չընկրկեք ու չվախենաք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպիսի եթե Տերը հաղթություն մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպիսի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը` մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության և քաջության մեջ վախկոտություն չխառնենք: