Показаны сообщения с ярлыком Նոր Կիրակի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նոր Կիրակի. Показать все сообщения

пятница, 29 апреля 2011 г.

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ



Երկրորդ կիրակի:

Յիսուս եկաւ փակ դռներով,
 կանգնեց մէջտեղ ու ասաց՝
 խաղաղութի՜ւն ձեզ։
(Հովհ. Ի 26)
Այս օրն երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր է այս տոնը, և չքնաղ՝ նրա խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների և անցյալը հնացնելով, ինքը պատճառ է դառնում գալիքի: Նոր է կոչվում և գարունը, քանզի ընդհատում է ձմեռը և սկսում արարածների նորոգությունը, որի ժամանակ ծառերը մեռած կերպարանքից վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի չորս եղանակների բերումով նորոգվում է. գարնանը ծնվում է, ամռանն աճում և կատարելության հասնում, աշնանը ծերանում և ձմռանը մահանում հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար, որով և մեր հարության խորհուրդն է նկարագրվում: Եթե գարնանը բնությունը նորանում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում: Այսօր Տերը սկիզբն է դնում նոր արարածների, որոնց համար չկան փոփոխություններ, որի պատճառով էլ այս օրը կոչվում է Նոր կիրակի: Առաջին օրենքի քահանայությունը փոփոխվում էր, և մարդը քահանայությունը մարդուց էր առնում, քանի որ մահն արգելք էր լինում, որ նրանք տևապես մնան քահանա: Եվ սրանք եղան Քրիստոսի հավիտենական քահանայության օրինակները, Ով երկնքում՝ Հոր աջ կողմում միշտ կա առանց հնանալու: Քանզի Տերը չի մահանում, և մահը Նրա վրա չի տիրում, այդ պատճառով էլ այլ Քահանայապետի կարոտ չենք: Նույնպես և այս օրը նոր է կոչվում, քանզի չկա այլ ժամանակ, որը սրան հնացնի, և սրանով է սկսվում նոր արարչությունը: Եվ ինչպես սա ութերորդ օրն է Նոր Ադամի հարությունից հետո, նույնպես և այս օրն ութերորդ դարի պատկերն է հին Ադամի ստեղծումից հետո և սրանով է ցույց տրվում հանդերձյալ ատյանը, որը կա անքակտելիորեն: Սրա համար է ասում Սողոմոնը. «Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ» (Ժող. ԺԱ 2): Այսօր Նոր կիրակի է կոչվում, քանզի լինելու է նոր երկիր ու նոր երկինք, և մի օր է լինելու առանց երեկոյի, որը մեկ այլ օրով չի փոխարինվելու: Արդ՝ գիշերը ճրագի կարիք ենք ունենում, և առավոտը գիշերն ընդհատելով դառնում է արեգակի կարապետը, իսկ առավոտյան աքլորականչը, որը մեզ արթնացնում է, զգաստության միջնորդն է: Այսպես և առաջին ժամանակներում տիրում էր կռապաշտության խավարը, որին մարգարեները գիշեր էին անվանում, և Աստված այդ գիշերը լուսավորելու համար տվեց Օրենքն որպես ճրագ: Իսկ հավիտենական Արդարության գալստյամբ, Հովհաննեսը մարդկանց արթնացնելով ու զգաստության բերելով եղավ որպես առավոտյան աքլորականչը՝ ըստ իր խոսքի. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը» (Հովհ. Ա 23): Արդ՝ Տիրոջ գալստյամբ վերացավ կռապաշտության գիշերը, և ծագեց խաղաղության առավոտը, որով Լույսը թագավորեց իսպառ հալածելով խավարը, և Տերը մեծամեծ նշաններով գործեց միջօրյա փրկությունը և փրկվածներին օրհնության հրավիրեց՝ ասելով. «Օրհնեցեք Տիրոջը նոր օրհնությամբ» (Սաղմ. ԼԲ 3):

Թովմասի հաստատումը


Ապա Թովմասին ասաց.
 «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը.
 եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ.
 անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։
 (Հովհ. Ի 27)
Թովմասի առաքյալի հաստատումը հավատի մեջ:

Երբ Տերը մեծ զորությամբ և սքանչելի նշաններով մեռելներից հարություն առավ, այցելեց սուրբ առաքյալներին և հաստատեց նրանց (տե՛ս Հովհ. Ի 19): Տերը փակ դռներով մտավ Վերնատուն՝ աշակերտների մոտ, որպեսզի նրանց ցույց տա, որ ծնվելիս չխախտեց Իր մոր կուսությունը, և աշակերտները չչարչարվեն քննել, թե ինչպես ծնվեց, քանզի ծննդյան հանգամանքներին անտեղյակ էին: Տերն ելավ արգանդից սքանչելի կերպով, առանց քննության, և մտավ Վերնատուն զարմանալի կերպով, առանց մեկնության: Մարդկային մարմնով ելավ Կույսի արգանդից առանց կուսությունը լուծարելու, և նույն մարմնով մտավ գերեզման ու նույն մարմնով ելավ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, այնուհետև նույն մարմնով մտավ Վերնատուն փակ դռներով, առանց դռները բացելու: Եվ ինչ-որ ոգի չմտավ փակ դռներով, այլ թանձր մարմին: Տերը տվեց Իր ձեռքերն առաքյալներին շոշափելու, որպեսզի չերկմտեն խաչելության համար և նրանցում հաստատվի աստվածգիտության հավատը: Նրանցից մեկը՝ Թովմասն այդ օրն այնտեղ չէր, և դա եղավ Աստծու Որդու իմաստությամբ: Քանզի եթե Թովմասն այնտեղ լիներ, ապա այսօր, ևս մեկ անգամ, չէր գա Տերը Վերնատուն: Երբ Թովմասն եկավ, աշակերտները նրան ասացին, որ տեսան Տիրոջը, իսկ Թովմասն ասաց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. Ի 25): Եվ հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները ժողովվել էին Վերնատանը, և Թովմասն էլ նրանց հետ էր, եկավ Տերը, կատարեց Իր սիրելիների խնդրանքները և հաստատեց Եկեղեցու հավատը: Տերը կանչեց Թովմասին և ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ», որին Քրիստոս պատասխանեց. «Որովհետև դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. Ի 29):
Այսօր Տերը կրկին որսում է Թովմասին ուռկանով, լինելու համար առաքյալների թվում և ուրախացնում տրտմածներին, զորացնում երկչոտներին ու հաստատում մոլորվածներին: Ինչպես Հակոբ նահապետը Հովսեփի երկու որդիներին կարգեց իր որդիների թվում և դրանով իր որդիների թիվը դարձրեց խորհրդավոր տասներկու, նույնպես և Տերը կամենալով առաքյալների թիվը դարձնել խորհրդավոր տասներկու, Իր Եկեղեցու ուռկանով որսաց Թովմասին ու Մատաթիային (տե՛ս Գործք Ա 26), որոնց համար օրինակ եղան Եղեմի տասներկու աղբյուրները (տե՛ս Ելք ԺԵ 27), և տասներկու անմշակ քարերից կառուցված Մովսեսի սեղանը (տե՛ս Ելք ԻԴ 4): Տերն երկնային իմաստությամբ աշխարհի հիմարներին ընտրեց, ամաչեցնելով աշխարհի իմաստուններին՝ դպիրներին, փարիսեցիներին և հեթանոս իմաստասերներին: Եվ ինչպես ութերորդ օրն ըստ օրենքի թլփատում են մանուկներին, Քրիստոս ութերորդ օրը թլփատեց Թովմասի թերհավատությունը, որպես ավելորդություն՝ ասելով. «Անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»:

Նյութը վերցված է Արամ Դիլանյանի <<Տերունի տոներ>> գրքից: