Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ եկիր և գալոց ես, ողորմեա՛ մեզ»:
Ավագ շաբաթի խորհրդաբանությունը տարբերվում է սուրբ քառասնորդաց պահքի խորհրդաբանությունից: Սուրբ քառասնորդաց պահքն ավարտվում է Ղազարոսի հարությամբ, իսկ դրան հաջորդող զատկական շաբաթի ութ օրերը, համապատասխանում են արարչության յոթ օրերին և ութերորդ անվախճան դարին:
Այս շաբաթը կոչվում է մեծ կամ ավագ, քանի որ պարունակում է չորս մեծ խորհուրդ: Նախ աշխարհի արարման առաջին շաբաթի խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ դարերի խորհուրդը, այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթի խորհուրդը, և վերջապես՝ վերջին օրվա ու աշխարհի վախճանի խորհուրդը:
Այս պատճառով էլ Ծննդոց գրքի առաջին գլուխները տարին երեք անգամ ենք ընթերցում. առաջին անգամ՝ Տիրոջ Ծննդյան օրը, քանի որ Նա, Ով սկզբում նախամայր Եվային դատապարտեց՝ ասելով. «Ցավերով երեխաներ պիտի ծնես», եկավ ու ծնվեց սուրբ Կույս Մարիամից ու վերացրեց անեծքի դատակնիքը, երկրորդ անգամ՝ այսօր, քանի որ այս շաբաթն Աստծու արարչության օրերի առաջին շաբաթն է, Իսկ երրորդ անգամ՝ Զատկի ճարագալույցին, քանի որ այդ օրը՝ Իր պատկերով Ադամին ստեղծող Արարիչը՝ վերստին նորոգում է մարդուն ու առաջնորդում Դրախտ:
