Երկրորդ կիրակի:
Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ։ (Հովհ. Ի 26) |
Այս օրն երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր է այս տոնը, և չքնաղ՝ նրա խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների և անցյալը հնացնելով, ինքը պատճառ է դառնում գալիքի: Նոր է կոչվում և գարունը, քանզի ընդհատում է ձմեռը և սկսում արարածների նորոգությունը, որի ժամանակ ծառերը մեռած կերպարանքից վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի չորս եղանակների բերումով նորոգվում է. գարնանը ծնվում է, ամռանն աճում և կատարելության հասնում, աշնանը ծերանում և ձմռանը մահանում հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար, որով և մեր հարության խորհուրդն է նկարագրվում: Եթե գարնանը բնությունը նորանում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում: Այսօր Տերը սկիզբն է դնում նոր արարածների, որոնց համար չկան փոփոխություններ, որի պատճառով էլ այս օրը կոչվում է Նոր կիրակի: Առաջին օրենքի քահանայությունը փոփոխվում էր, և մարդը քահանայությունը մարդուց էր առնում, քանի որ մահն արգելք էր լինում, որ նրանք տևապես մնան քահանա: Եվ սրանք եղան Քրիստոսի հավիտենական քահանայության օրինակները, Ով երկնքում՝ Հոր աջ կողմում միշտ կա առանց հնանալու: Քանզի Տերը չի մահանում, և մահը Նրա վրա չի տիրում, այդ պատճառով էլ այլ Քահանայապետի կարոտ չենք: Նույնպես և այս օրը նոր է կոչվում, քանզի չկա այլ ժամանակ, որը սրան հնացնի, և սրանով է սկսվում նոր արարչությունը: Եվ ինչպես սա ութերորդ օրն է Նոր Ադամի հարությունից հետո, նույնպես և այս օրն ութերորդ դարի պատկերն է հին Ադամի ստեղծումից հետո և սրանով է ցույց տրվում հանդերձյալ ատյանը, որը կա անքակտելիորեն: Սրա համար է ասում Սողոմոնը. «Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ» (Ժող. ԺԱ 2): Այսօր Նոր կիրակի է կոչվում, քանզի լինելու է նոր երկիր ու նոր երկինք, և մի օր է լինելու առանց երեկոյի, որը մեկ այլ օրով չի փոխարինվելու: Արդ՝ գիշերը ճրագի կարիք ենք ունենում, և առավոտը գիշերն ընդհատելով դառնում է արեգակի կարապետը, իսկ առավոտյան աքլորականչը, որը մեզ արթնացնում է, զգաստության միջնորդն է: Այսպես և առաջին ժամանակներում տիրում էր կռապաշտության խավարը, որին մարգարեները գիշեր էին անվանում, և Աստված այդ գիշերը լուսավորելու համար տվեց Օրենքն որպես ճրագ: Իսկ հավիտենական Արդարության գալստյամբ, Հովհաննեսը մարդկանց արթնացնելով ու զգաստության բերելով եղավ որպես առավոտյան աքլորականչը՝ ըստ իր խոսքի. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը» (Հովհ. Ա 23): Արդ՝ Տիրոջ գալստյամբ վերացավ կռապաշտության գիշերը, և ծագեց խաղաղության առավոտը, որով Լույսը թագավորեց իսպառ հալածելով խավարը, և Տերը մեծամեծ նշաններով գործեց միջօրյա փրկությունը և փրկվածներին օրհնության հրավիրեց՝ ասելով. «Օրհնեցեք Տիրոջը նոր օրհնությամբ» (Սաղմ. ԼԲ 3):