понедельник, 18 апреля 2011 г.

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ Ա ՄԱՍ


 
Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ եկիր և գալոց ես, ողորմեա՛ մեզ»:

Ավագ շաբաթի խորհրդաբանությունը տարբերվում է սուրբ քառասնորդաց պահքի խորհրդաբանությունից: Սուրբ քառասնորդաց պահքն ավարտվում է Ղազարոսի հարությամբ, իսկ դրան հաջորդող զատկական շաբաթի ութ օրերը, համապատասխանում են արարչության յոթ օրերին և ութերորդ անվախճան դարին:
Այս շաբաթը կոչվում է մեծ կամ ավագ, քանի որ պարունակում է չորս մեծ խորհուրդ: Նախ աշխարհի արարման առաջին շաբաթի խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ դարերի խորհուրդը, այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթի խորհուրդը, և վերջապես՝ վերջին օրվա ու աշխարհի վախճանի խորհուրդը:
Այս պատճառով էլ Ծննդոց գրքի առաջին գլուխները տարին երեք անգամ ենք ընթերցում. առաջին անգամ՝ Տիրոջ Ծննդյան օրը, քանի որ Նա, Ով սկզբում նախամայր Եվային դատապարտեց՝ ասելով. «Ցավերով երեխաներ պիտի ծնես», եկավ ու ծնվեց սուրբ Կույս Մարիամից ու վերացրեց անեծքի դատակնիքը, երկրորդ անգամ՝ այսօր, քանի որ այս շաբաթն Աստծու արարչության օրերի առաջին շաբաթն է, Իսկ երրորդ անգամ՝ Զատկի ճարագալույցին, քանի որ այդ օրը՝ Իր պատկերով Ադամին ստեղծող Արարիչը՝ վերստին նորոգում է մարդուն ու առաջնորդում Դրախտ:


Արարչության երկրորդ օրը

Նախ տեսնենք, թե ինչպես է, որ այս շաբաթն ունի արարչության առաջին շաբաթվա խորհուրդը, որի ընթացքում գոյացան բոլոր արարածները: Արդ՝ «Արմավենիների» օրը խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված արարեց հրեղեն երկինքն իր բնակիշներով՝ հրեղեն դասերով հանդերձ, և չորս տարրերը: Իսկ Ավագ երկուշաբթի օրը խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված արարեց հաստատությունը, ինչը իմաստունները զատելով մյուս չորսի տարրերց՝ հինգերորդ տարր և եթեր անվանեցին: Հաստատությունը գոյացավ արարչության երկրորդ օրը, երբ ջրերը բաժանվեցին միմյանցից՝ ըստ Աստծու խոսքի. «Թող հաստատություն առաջանա ջրերի միջև, և ջրերը թող բաժանվեն ջրերից: Եվ եղավ այդպես» (Ծննդ. Ա 6): Եվ ջրերը, որ սփռվել էին երկրի վրա, Աստծու հրամանով, միջից պատռվելով բաժանվեցին ու իրարից հեռացան, սակայն եզրերում չբաժանվեցին միմյանցից, այլ մեկմեկու միահյուսված շրջան կազմելով անբաժան մնացին, ինչպես տիկը, որ փչվելիս ուռում է, և կողերը հեռանում են միմյանցից՝ առանց իրարից բաժանվելու: Երկրից ջրի հեռանալով, խավարը, որ անդունդի վրա էր, տարածվեց ջրերի միջև, և լույսն իր սահմաններում վանեց խավարը, և հաստատությունը, որը ջրերի միջև էր Արարչի կողմից երկինք անվանվեց: Եվ որպեսզի այս զգալի ու նյութական աշխարհը չայրվի աննյութ երկնքի արփիափայլ ճառագայթներից, որը բնակավայրն է անմարմին անմահների՝ սուրբ հրեշտակների, վերևի ջրահարկը գմբեթաձև կամարակապ խորան դարձավ զգալի աշխարհի վրա՝ հովանի լինելով երկրին և չծանրանալով հաստատության վրա: Ջրային կամարը մի տեղ նոսր և կամ մեկ այլ տեղում խիտ չէ, այլ ամբողջովին համասեռ է, միատեսակ, և՛ վերևում, և՛ ներքևում, Իսկ հրեղեն երկինքը, որն առաջին օրն արարվեց, դարձավ կամար ջրերի վրա: Կամար դարձավ նաև հաստատությունը, ինչը գտնվում է այս երկու կամարներից ցած, և այս կամարները միմյանցից հեռու են: Իսկ հրեշտակների կայաններն այս ջրերի վերևում են: Նրանցից շատերն իջնում են ջրերից ներքև, մարդկանց պահպանության համար, և դարձյալ վեր բարձրանում՝ Աստծուն պաշտելու ու երկրպագելու, և պատմում են Տիրոջը մարդկանց գործերի մասին:
Աստված երկինքը կատարյալ կազմեց, և նրա բնակիչները՝ հրեղեն զորությունները, ստեղծվեցին երկնքի ստեղծումով, և երկնքի կատարելությունը ցույց է տալիս Աստծու անբավ զորությունը: Իսկ երկիրը Տերն աստիճանաբար բերեց կատարելության, և այդպես արեց, որ մեզ ցույց տա Իր հայրական խնամքը, որ տածում է մեր հանդեպ:


Երկրորդ դարի խորհուրդը

Այժմ տեսնենք, թե ինչպես են Ավագ շաբաթվա օրերը համապատասխանում այս կյանքի յոթ դարերին: Դարը հազար  տարին է, իսկ դարագլուխները հետևյալն են՝ առաջինն Աբելն է, երկրորդը՝ Ենոքը, երրորդը՝ Նոյը, չորրորդը՝ Աբրահամը, հինգերորդը՝ Մովսեսը, վեցերորդը՝ Քրիստոս, յոթերորդը՝ վախճանը, ութերորդը՝ Երկրորդ գալուստը:
Արդ՝ «Արմավենիների» օրը, երբ ծերերն ու մանուկներն ոստերով զվարճացան, խորհրդանշում է արարչության առաջին դարը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես Կայենը, առաջին դարում, նախանձից սպանեց եղբորը՝ Աբելին, այսպես էլ հրեաները չարը խորհելով սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
Իսկ Ավագ երկուշաբթին խորհրդանշում է երկրորդ դարը, երբ ապականվեցին բոլոր մարմինները՝ ըստ այս խոսքի. «Մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան» (Հռոմ. Ե 19): Ապականությունը ընդգրկեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու Ադամի փոխարեն երկինք տեղափոխվեց: Ադամն ուտելով պտուղն վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը մտավ Դրախտ ու անմահություն: Երկրորդ դարը ավարտվում է Նոյի կյանքի երեք հարյուր հիսունութերորդ տարում:
Այս օրերը նաև Քրիստոսի չարչարանքների օրերն են, երբ Տերը գալով Երուսաղեմ՝ ճանապարհին անիծեց թզենուն և մտնելով տաճար՝ ամոթով թողեց դպիրներին ու փարիսեցիներին և շատ բաներ ասաց Իր չարչարանքների մասին:
Տեսնենք նաև, թե ինչպես է Ավագ շաբաթը համապատասխանում վերջին օրվա և վախճանի խորհդին: Երբ Տերն եկավ Բեթանիա՝ «սգի ու չարչարանքների տուն», դա Նրա առաջին գալուստն էր, իսկ Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է Նրա Երկրորդ գալուստը, երբ աշխարհը դղրդալով սասանվելու է և մեռելները դուրս են գալու գերեզմաններից ու կանգնելու են Քրիստոսի առջև: Նրանցից ոմանք ուրախանալու են Քրիստոսի պատվով ու փառքով, ինչպես ծերերն ու մանուկները, իսկ ոմանք էլ տխրելու են, ինչպես քահանաներն ու դպիրները: Ավագ երկուշաբթի օրը Տերն անիծեց անպտուղ թզենուն, ինչը մեղավորների օրինակն է, ովքեր անիծվելու են վերջին օրը Աստվածային հրամանով. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. ԻԵ 41):


Комментариев нет:

Отправить комментарий