Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։ (Հովհ. Ի 27) |
Թովմասի առաքյալի հաստատումը հավատի մեջ:
Երբ Տերը մեծ զորությամբ և սքանչելի նշաններով մեռելներից հարություն առավ, այցելեց սուրբ առաքյալներին և հաստատեց նրանց (տե՛ս Հովհ. Ի 19): Տերը փակ դռներով մտավ Վերնատուն՝ աշակերտների մոտ, որպեսզի նրանց ցույց տա, որ ծնվելիս չխախտեց Իր մոր կուսությունը, և աշակերտները չչարչարվեն քննել, թե ինչպես ծնվեց, քանզի ծննդյան հանգամանքներին անտեղյակ էին: Տերն ելավ արգանդից սքանչելի կերպով, առանց քննության, և մտավ Վերնատուն զարմանալի կերպով, առանց մեկնության: Մարդկային մարմնով ելավ Կույսի արգանդից առանց կուսությունը լուծարելու, և նույն մարմնով մտավ գերեզման ու նույն մարմնով ելավ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, այնուհետև նույն մարմնով մտավ Վերնատուն փակ դռներով, առանց դռները բացելու: Եվ ինչ-որ ոգի չմտավ փակ դռներով, այլ թանձր մարմին: Տերը տվեց Իր ձեռքերն առաքյալներին շոշափելու, որպեսզի չերկմտեն խաչելության համար և նրանցում հաստատվի աստվածգիտության հավատը: Նրանցից մեկը՝ Թովմասն այդ օրն այնտեղ չէր, և դա եղավ Աստծու Որդու իմաստությամբ: Քանզի եթե Թովմասն այնտեղ լիներ, ապա այսօր, ևս մեկ անգամ, չէր գա Տերը Վերնատուն: Երբ Թովմասն եկավ, աշակերտները նրան ասացին, որ տեսան Տիրոջը, իսկ Թովմասն ասաց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. Ի 25): Եվ հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները ժողովվել էին Վերնատանը, և Թովմասն էլ նրանց հետ էր, եկավ Տերը, կատարեց Իր սիրելիների խնդրանքները և հաստատեց Եկեղեցու հավատը: Տերը կանչեց Թովմասին և ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ», որին Քրիստոս պատասխանեց. «Որովհետև դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. Ի 29):
Այսօր Տերը կրկին որսում է Թովմասին ուռկանով, լինելու համար առաքյալների թվում և ուրախացնում տրտմածներին, զորացնում երկչոտներին ու հաստատում մոլորվածներին: Ինչպես Հակոբ նահապետը Հովսեփի երկու որդիներին կարգեց իր որդիների թվում և դրանով իր որդիների թիվը դարձրեց խորհրդավոր տասներկու, նույնպես և Տերը կամենալով առաքյալների թիվը դարձնել խորհրդավոր տասներկու, Իր Եկեղեցու ուռկանով որսաց Թովմասին ու Մատաթիային (տե՛ս Գործք Ա 26), որոնց համար օրինակ եղան Եղեմի տասներկու աղբյուրները (տե՛ս Ելք ԺԵ 27), և տասներկու անմշակ քարերից կառուցված Մովսեսի սեղանը (տե՛ս Ելք ԻԴ 4): Տերն երկնային իմաստությամբ աշխարհի հիմարներին ընտրեց, ամաչեցնելով աշխարհի իմաստուններին՝ դպիրներին, փարիսեցիներին և հեթանոս իմաստասերներին: Եվ ինչպես ութերորդ օրն ըստ օրենքի թլփատում են մանուկներին, Քրիստոս ութերորդ օրը թլփատեց Թովմասի թերհավատությունը, որպես ավելորդություն՝ ասելով. «Անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»:
Комментариев нет:
Отправить комментарий