пятница, 29 апреля 2011 г.

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ



Երկրորդ կիրակի:

Յիսուս եկաւ փակ դռներով,
 կանգնեց մէջտեղ ու ասաց՝
 խաղաղութի՜ւն ձեզ։
(Հովհ. Ի 26)
Այս օրն երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր է այս տոնը, և չքնաղ՝ նրա խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների և անցյալը հնացնելով, ինքը պատճառ է դառնում գալիքի: Նոր է կոչվում և գարունը, քանզի ընդհատում է ձմեռը և սկսում արարածների նորոգությունը, որի ժամանակ ծառերը մեռած կերպարանքից վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի չորս եղանակների բերումով նորոգվում է. գարնանը ծնվում է, ամռանն աճում և կատարելության հասնում, աշնանը ծերանում և ձմռանը մահանում հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար, որով և մեր հարության խորհուրդն է նկարագրվում: Եթե գարնանը բնությունը նորանում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնումԱյսօր Տերը սկիզբն է դնում նոր արարածների, որոնց համար չկան փոփոխություններ, որի պատճառով էլ այս օրը կոչվում է Նոր կիրակի: Առաջին օրենքի քահանայությունը փոփոխվում էր, և մարդը քահանայությունը մարդուց էր առնում, քանի որ մահն արգելք էր լինում, որ նրանք տևապես մնան քահանա: Եվ սրանք եղան Քրիստոսի հավիտենական քահանայության օրինակները, Ով երկնքում՝ Հոր աջ կողմում միշտ կա առանց հնանալու: Քանզի Տերը չի մահանում, և մահը Նրա վրա չի տիրում, այդ պատճառով էլ այլ Քահանայապետի կարոտ չենք: Նույնպես և այս օրը նոր է կոչվում, քանզի չկա այլ ժամանակ, որը սրան հնացնի, և սրանով է սկսվում նոր արարչությունըԵվ ինչպես սա ութերորդ օրն է Նոր Ադամի հարությունից հետո, նույնպես և այս օրն ութերորդ դարի պատկերն է հին Ադամի ստեղծումից հետո և սրանով է ցույց տրվում հանդերձյալ ատյանը, որը կա անքակտելիորեն: Սրա համար է ասում Սողոմոնը. «Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ» (Ժող. ԺԱ 2): Այսօր Նոր կիրակի է կոչվում, քանզի լինելու է նոր երկիր ու նոր երկինք, և մի օր է լինելու առանց երեկոյի, որը մեկ այլ օրով չի փոխարինվելուԱրդ՝ գիշերը ճրագի կարիք ենք ունենում, և առավոտը գիշերն ընդհատելով դառնում է արեգակի կարապետը, իսկ առավոտյան աքլորականչը, որը մեզ արթնացնում է, զգաստության միջնորդն է: Այսպես և առաջին ժամանակներում տիրում էր կռապաշտության խավարը, որին մարգարեները գիշեր էին անվանում, և Աստված այդ գիշերը լուսավորելու համար տվեց Օրենքն որպես ճրագ: Իսկ հավիտենական Արդարության գալստյամբ, Հովհաննեսը մարդկանց արթնացնելով ու զգաստության բերելով եղավ որպես առավոտյան աքլորականչը՝ ըստ իր խոսքի. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը» (Հովհ. Ա 23): Արդ՝ Տիրոջ գալստյամբ վերացավ կռապաշտության գիշերը, և ծագեց խաղաղության առավոտը, որով Լույսը թագավորեց իսպառ հալածելով խավարը, և Տերը մեծամեծ նշաններով գործեց միջօրյա փրկությունը և փրկվածներին օրհնության հրավիրեց՝ ասելով. «Օրհնեցեք Տիրոջը նոր օրհնությամբ» (Սաղմ. ԼԲ 3):
 Ըստ Ղուկասի ազգաբանության, որով նկարագրվում է մեր փրկության խորհուրդը, Ադամից մինչև Քրիստոս, սերունդների թիվը յոթանասունութ է, և Առաջավորաց պահքից մինչև Նոր կիրակին ևս յոթանասունութ օր է: Եվ այս օրը կիրակի օր լինելով նաև նոր արարածների սկիզբ է ասվում, քանի որ աշխարհի սկիզբը կիրակի օրն եղավ, որի պատճառով հրամայվում է այսօր նավակատիք անել, որը նշանակում է ուրախանալ հոգևոր խնդությամբ, որպես սաղմոսերգուն է թելադրում. «Կատարեցե՛ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի» (Սաղմ. ՃԺԷ 27): Արդ՝ նոր ասելով նոր կյանքն ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տե՛ս Բ Կորնթ. Ե 17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծու մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տե՛ս Կողոս. Ա 26, Եփես. Գ 9-10): Նոր է և Եկեղեցու պատիվը, որի համար առաքյալն ասում է, որ ուրախ է այն չարչարանքների ու նեղությունների համար, որ կրում է իր մարմնով (Կողոս. Ա 24): Նոր է նաև Եկեղեցու պաշտոնը, քանզի ճշմարիտ երկրպագությունն այն է, երբ Հորն երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ, քանզի Հայրն այսպիսի երկրպագություն է փնտրում (տե՛ս Հովհ. Դ 23): Նոր է և Եկեղեցու հոգևոր և վերստին ծնունդը, որը մարգարեն նախապես տեսնելով ասաց. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնն երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին» (Եսայի ԿԶ 8): Նոր է և Եկեղեցու սուրբ Սեղանի խորհուրդը և փառքը, քանզի այլևս չի ներկվում նոխազների արյամբ, այլ ամբողջովին ներկված է Աստծու Օծյալ Որդու կենարար Արյամբ: Նոր է և Եկեղեցու «պետության» կարգը, որը Քրիստոսից իմացանք՝ ըստ այս խոսքի. «Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. ԻԱ 43): Նոր է նաև Եկեղեցու «քրիստոնյա» անունը, և սա Աստված նախ մարգարեին խոստացավ. «Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա» (Եսայի ԿԵ 15): Նոր է Եկեղեցու հավատացյալների ու ժառանգների հույսը, որի մասին ասում է առաքյալը. «Ուստի, ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղատ. Դ 7): Նոր է նաև Եկեղեցու արքայության ավետիսը, ըստ առաքյալի. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. Բ 6), որի համար նաև Տերն է ասում. «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. ԺԲ 26): Նոր է նաև մեռելների հարության Եկեղեցու խորհուրդը. «Արդ՝ մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. ԺԵ 51): Այսքանով տեսնում ենք, թե Քրիստոս ինչպիսի առատությամբ մեզ այսքան բարիքներ շնորհեց, ինչ պատճառով էլ առաքյալն ասում է, թե ամեն ինչ նոր եղավ: Արդ՝ այս բոլոր բարիքների պատճառը և աղբյուրն այս օրն է, այդ պատճառով էլ այն Նոր է կոչվում: Բացի դրանից, այս օրը նաև պատկերն է հանդերձյալ աշխարհի. սա օրինակն է, իսկ հանդերձյալը՝ ճշմարտությունը: Սա անցնելու է, իսկ հանդերձյալը հավիտյան պիտի լինի: Այստեղ քիչը գիտենք և քչի համար ենք մարգարեանում, իսկ այնտեղ կատարյալին ենք հասնելու բարու գիտությամբ՝ ըստ այս խոսքի. «Քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա» (Ա Կորնթ. ԺԳ 9-10): Այստեղ վայելում ենք Հուգու պտուղները, իսկ այնտեղ Հոգին բնակվելու է մեր մեջ: Այստեղ առաքինության տունկը տնկելով աճեցնում ենք, իսկ այնտեղ քաղելով պտուղը պիտի վայելենք: Այստեղ նահատակվում ենք, իսկ այնտեղ փառքի պսակի պիտի արժանանանք: Այստեղ քաղցում ենք, իսկ այնտեղ պիտի հագենանք Տիրոջ սեղանի լիությունից: Այստեղ հոգով աղքատանում ենք, իսկ այնտեղ արքայության ծոցն է մեզ ընդունելու: Այստեղ հեզությամբ ու խոնարհությամբ ենք գնում, որպես սովորեցինք Տիրոջից, իսկ այնտեղ ժառանգելու ենք Երկնքի արքայությունը: Այստեղ ողորմություն ենք տալիս կարոտյալներին, ովքեր նայում են մեր ձեռքերին, իսկ այնտեղ երկնքի բարձունքներում հանդիպելու ենք ողորմած Քրիստոսին: Այստեղ սրբությամբ դաստիարակում ենք մեր սրտերը, իսկ այնտեղ տեսնելու ենք Աստծուն: Այստեղ բոլորին խաղաղարար ենք մեզ ցույց տալիս, իսկ այնտեղ լինելու ենք Աստծու որդիներ և Քրիստոսի ժառանգակիցներ: Այստեղ փոքր ի շատե հալածվում ենք արդարության համար, իսկ այնտեղ մշտապես Երկնքի արքայությունում ենք հանգչելու: Այստեղ սուգ ենք անում ու լալիս մեր մեղքերի համար, իսկ այնտեղ խնդալու ենք և ուրախանալու: Այստեղ պատերազմում արիանում ենք իբրև քաջեր, իսկ այնտեղ պսակվելու ենք իբրև հաղթողԱյս օրը Նոր կիրակի է կոչվում նաև խորհրդապես: Թեպետ առաջին միաշաբաթին՝ Հարության Կիրակիին նորոգվեց մեր բնությունը հանձին Փեսայի, սակայն ոչ հանձին Հարսի՝ Եկեղեցու, քանզի Եկեղեցու իշխանները տակավին հնության մեջ էին. ոմանք երկմտում էին, ոմանք չէին հավատում, որոնց և այս միաշաբաթում նորոգեց և հաստատեց հավատի մեջ և հանձինս նրանց՝ Եկեղեցին: Նորոգեց, որպեսզի նոր գինին նոր տիկերի մեջ հեղի, քանզի չի կարելի նոր գինին լցնել հին տիկերի մեջ (տե՛ս Մատթ. Թ 17): Եվ այս կիրակին ունի հետևյալ հատկությունները, նախ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճան է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան չի այցելելու: Երրորդ՝ գիշեր չունի, միշտ ցերեկ է, և սրան այլ օրեր չեն հաջորդելու, ինչպես բոլոր օրերին: Չորրորդ՝ անշարժ է ժամերի, րոպեների ու վայրկյանների համար:

Комментариев нет:

Отправить комментарий