понедельник, 13 февраля 2012 г.

Աղոթք նորապսակների համար:


 Տեր Աստված մեր, Դու ամենազոր ես և ստեղծիչը բոլոր արարածների, Դու որ երկրից հող վերցնելով ստեղծեցիր մարդուն Քո պատկերով և նմանությամբ և նրան հաստատեցիր երանական դրախտում: Արու և էգ ստեղծեցիր նրանց ասելով. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը և տիրեցեք դրան»:
 Եվ այժմ աղաչում ենք Քեզ, Տեր, օրհնիր նորապսակ այս ընտանիքները, ինչպես օրհնեցիր մեր նախահայրերին ու նախամայրերին, որովհետև Դու նրանց կանչեցիր արժանացնելու Քո քազցր օրհնությանը և նրանց գլուխները զարդարեցիր պատվական քարերի պսակներով, որպեսզ իրենց կյանքի ընթացքում լինեն անարատ, միմյանց սիրեն հոգևոր սիրով և ապրեն միաբան ու համերաշխ:
 Ով Տեր, Դու ոչ թե քանդեցիր ամուսնության խորհուրդը, այլ քահանայպետաբար օրհնեցիր և հաստատեցիր այն, Քո ճշմարիտ խոսքով թե. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի», որպեսզի սրանից հետո չլինեք երկու, այլ մեկ մարմին` միավորված հեզ հոգով և միմյանց սիրեք պարկեշտ վարքով, գիտակից կերպով, առանց ամոթի` մշտապես պատրաստ բարեգործության:
 Տեր Աստված մեր, հայցում ենք Քեզանից, որ Դու պաշտպան ու ապավեն լինես այս զույգերին` իրենց ողջ կյանքի ընթացքում:Փրկիր նրանց օտար խորհուրդներից և պատսպարիր գիշեր ու ցերեկ Քո ողորմությամբ: Հաստատիր նրանց որպես պտղատու ձիթենի Քո տան մեջ, որպեսզի Քո բարեսեր կամքի համաձայն ապրեն արդարությամբ, սրբությամբ և աստվածպաշտությամբ, տեսնեն իրենց որդիների որդիներին և Քեզ համար լինեն հավատարիմ ժողովուրդ և փառաբանող Քո սուրբ անվանդ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ;

воскресенье, 12 февраля 2012 г.

Այսօր` փետրվարի 13, Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է:


Նրանք քայլում էին
հայոց բանակի առջևից :
Ավանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: Այս տարի երկուշաբթի է:

суббота, 11 февраля 2012 г.

Այսօր Սբ. Իսահակ (Սահակ) Պարթև Հայրապետի տոնն է:


Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

четверг, 9 февраля 2012 г.

Այսօր Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օրն է:


Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա: Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքումա Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները: Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

пятница, 29 апреля 2011 г.

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ



Երկրորդ կիրակի:

Յիսուս եկաւ փակ դռներով,
 կանգնեց մէջտեղ ու ասաց՝
 խաղաղութի՜ւն ձեզ։
(Հովհ. Ի 26)
Այս օրն երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր է այս տոնը, և չքնաղ՝ նրա խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների և անցյալը հնացնելով, ինքը պատճառ է դառնում գալիքի: Նոր է կոչվում և գարունը, քանզի ընդհատում է ձմեռը և սկսում արարածների նորոգությունը, որի ժամանակ ծառերը մեռած կերպարանքից վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի չորս եղանակների բերումով նորոգվում է. գարնանը ծնվում է, ամռանն աճում և կատարելության հասնում, աշնանը ծերանում և ձմռանը մահանում հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար, որով և մեր հարության խորհուրդն է նկարագրվում: Եթե գարնանը բնությունը նորանում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնումԱյսօր Տերը սկիզբն է դնում նոր արարածների, որոնց համար չկան փոփոխություններ, որի պատճառով էլ այս օրը կոչվում է Նոր կիրակի: Առաջին օրենքի քահանայությունը փոփոխվում էր, և մարդը քահանայությունը մարդուց էր առնում, քանի որ մահն արգելք էր լինում, որ նրանք տևապես մնան քահանա: Եվ սրանք եղան Քրիստոսի հավիտենական քահանայության օրինակները, Ով երկնքում՝ Հոր աջ կողմում միշտ կա առանց հնանալու: Քանզի Տերը չի մահանում, և մահը Նրա վրա չի տիրում, այդ պատճառով էլ այլ Քահանայապետի կարոտ չենք: Նույնպես և այս օրը նոր է կոչվում, քանզի չկա այլ ժամանակ, որը սրան հնացնի, և սրանով է սկսվում նոր արարչությունըԵվ ինչպես սա ութերորդ օրն է Նոր Ադամի հարությունից հետո, նույնպես և այս օրն ութերորդ դարի պատկերն է հին Ադամի ստեղծումից հետո և սրանով է ցույց տրվում հանդերձյալ ատյանը, որը կա անքակտելիորեն: Սրա համար է ասում Սողոմոնը. «Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ» (Ժող. ԺԱ 2): Այսօր Նոր կիրակի է կոչվում, քանզի լինելու է նոր երկիր ու նոր երկինք, և մի օր է լինելու առանց երեկոյի, որը մեկ այլ օրով չի փոխարինվելուԱրդ՝ գիշերը ճրագի կարիք ենք ունենում, և առավոտը գիշերն ընդհատելով դառնում է արեգակի կարապետը, իսկ առավոտյան աքլորականչը, որը մեզ արթնացնում է, զգաստության միջնորդն է: Այսպես և առաջին ժամանակներում տիրում էր կռապաշտության խավարը, որին մարգարեները գիշեր էին անվանում, և Աստված այդ գիշերը լուսավորելու համար տվեց Օրենքն որպես ճրագ: Իսկ հավիտենական Արդարության գալստյամբ, Հովհաննեսը մարդկանց արթնացնելով ու զգաստության բերելով եղավ որպես առավոտյան աքլորականչը՝ ըստ իր խոսքի. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը» (Հովհ. Ա 23): Արդ՝ Տիրոջ գալստյամբ վերացավ կռապաշտության գիշերը, և ծագեց խաղաղության առավոտը, որով Լույսը թագավորեց իսպառ հալածելով խավարը, և Տերը մեծամեծ նշաններով գործեց միջօրյա փրկությունը և փրկվածներին օրհնության հրավիրեց՝ ասելով. «Օրհնեցեք Տիրոջը նոր օրհնությամբ» (Սաղմ. ԼԲ 3):

Թովմասի հաստատումը


Ապա Թովմասին ասաց.
 «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը.
 եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ.
 անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։
 (ՀովհԻ 27)
Թովմասի առաքյալի հաստատումը հավատի մեջ:

Երբ Տերը մեծ զորությամբ և սքանչելի նշաններով մեռելներից հարություն առավ, այցելեց սուրբ առաքյալներին և հաստատեց նրանց (տե՛ս Հովհ. Ի 19): Տերը փակ դռներով մտավ Վերնատուն՝ աշակերտների մոտ, որպեսզի նրանց ցույց տա, որ ծնվելիս չխախտեց Իր մոր կուսությունը, և աշակերտները չչարչարվեն քննել, թե ինչպես ծնվեց, քանզի ծննդյան հանգամանքներին անտեղյակ էին: Տերն ելավ արգանդից սքանչելի կերպով, առանց քննության, և մտավ Վերնատուն զարմանալի կերպով, առանց մեկնության: Մարդկային մարմնով ելավ Կույսի արգանդից առանց կուսությունը լուծարելու, և նույն մարմնով մտավ գերեզման ու նույն մարմնով ելավ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, այնուհետև նույն մարմնով մտավ Վերնատուն փակ դռներով, առանց դռները բացելու: Եվ ինչ-որ ոգի չմտավ փակ դռներով, այլ թանձր մարմին: Տերը տվեց Իր ձեռքերն առաքյալներին շոշափելու, որպեսզի չերկմտեն խաչելության համար և նրանցում հաստատվի աստվածգիտության հավատըՆրանցից մեկը՝ Թովմասն այդ օրն այնտեղ չէր, և դա եղավ Աստծու Որդու իմաստությամբ: Քանզի եթե Թովմասն այնտեղ լիներ, ապա այսօր, ևս մեկ անգամ, չէր գա Տերը Վերնատուն: Երբ Թովմասն եկավ, աշակերտները նրան ասացին, որ տեսան Տիրոջը, իսկ Թովմասն ասաց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. Ի 25): Եվ հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները ժողովվել էին Վերնատանը, և Թովմասն էլ նրանց հետ էր, եկավ Տերը, կատարեց Իր սիրելիների խնդրանքները և հաստատեց Եկեղեցու հավատը: Տերը կանչեց Թովմասին և ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ», որին Քրիստոս պատասխանեց. «Որովհետև դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. Ի 29):
Այսօր Տերը կրկին որսում է Թովմասին ուռկանով, լինելու համար առաքյալների թվում և ուրախացնում տրտմածներին, զորացնում երկչոտներին ու հաստատում մոլորվածներին: Ինչպես Հակոբ նահապետը Հովսեփի երկու որդիներին կարգեց իր որդիների թվում և դրանով իր որդիների թիվը դարձրեց խորհրդավոր տասներկու, նույնպես և Տերը կամենալով առաքյալների թիվը դարձնել խորհրդավոր տասներկու, Իր Եկեղեցու ուռկանով որսաց Թովմասին ու Մատաթիային (տե՛ս Գործք Ա 26), որոնց համար օրինակ եղան Եղեմի տասներկու աղբյուրները (տե՛ս Ելք ԺԵ 27), և տասներկու անմշակ քարերից կառուցված Մովսեսի սեղանը (տե՛ս Ելք ԻԴ 4): Տերն երկնային իմաստությամբ աշխարհի հիմարներին ընտրեց, ամաչեցնելով աշխարհի իմաստուններին՝ դպիրներին, փարիսեցիներին և հեթանոս իմաստասերներինԵվ ինչպես ութերորդ օրն ըստ օրենքի թլփատում են մանուկներին, Քրիստոս ութերորդ օրը թլփատեց Թովմասի թերհավատությունը, որպես ավելորդություն՝ ասելով. «Անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»:

Նյութը վերցված է Արամ Դիլանյանի <<Տերունի տոներ>> գրքից: