суббота, 16 апреля 2011 г.

ՀԻՇԱՏԱԿ ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ



Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»:

Այսօր հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը նրա մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց: Եկեղեցին այն նշում է «Տիրոջ մուտքը Երուսաղեմ» տոնին նախորդող շաբաթ օրը: Սակայն սա այն օրը չէ, երբ Տերը կանչեց Ղազարոսին մեռելների միջից ու հարություն տվեց: Ղազարոսի հարությունը դրանից տասնհինգ օր առաջ էր եղել՝ այն բանից հետո, երբ Տերը, խույս տալով հրեաներից, գնաց Հորդանանի մյուս կողմը, իսկ այնտեղից էլ՝ Բեթանիա և Ղազարոսին հարություն տվեց, որից հետո գնաց Եփրայիմ, ապա Երիքով, իսկ այնուհետև դարձյալ եկավ Բեթանիա և այնտեղ ընթրեց, և Ղազարոսը ներկա էր այդ ընթրիքին՝ ըստ այս խոսքի. «Իսկ Հիսուս Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել: Եվ այնտեղ Նրան ընթրիք տվին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը Նրա հետ սեղան նստածներից մեկն էր» (Հովհ. ԺԲ 1-2): Սա Նրա վերջին այցն էր Բեթանիա, դեպի կամավոր չարչարանքները գնալուց առաջ: Այդ պատճառով էլ այն տոնում ենք Տիրոջ Երուսաղեմ գալստից առաջ:

Եվ այս մասին կամայականորեն չի գրում ավետարանիչը, այլ որպեսզի ցույց տա, թե որչափ օգուտ է բարեկամանալ Քրիստոսի հետ, և ամենահետին չարությունն է Նրանից օտարանալը. օտարացածներին է ասում. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք Ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ. Է 23): Քանզի բարի գոծերի մեջ առաջինը Նրան ճանաչելն է ու աջակողմյան դասում գտնվելը: Տիրոջ բարեկամն ենք լինում, երբ սիրում ենք աղքատներին, հագցնում մերկերին, ընդունում օտարներին, կերակրում քաղցածներին և հագեցնում ծարավներին: Նաև երբ այցելում ենք հիվանդին, մխիթարում տկարին, դարձի բերում մոլորյալին, խրատում տգետին, որբերի ու այրիների խնամքը տանում, միմյանց համար աղոթում, մեղքը ներում, ոխը սրտից հանում, միմյանց հետ հաշտությամբ ու խաղաղությամբ ապրում, և միմյանց նկատմամբ սիրով ու գթասիրտ լինում, այնժամ դառնում ենք Քրիստոսի նման և Նրա բարեկամը, ինչպես Ինքն է ասում. «Սիրե՛ք միմյանց, ինչպես որ Ես ձեզ սիրեցի» (Հովհ. ԺԵ 12):
Ղազարոսի հարությունը տոնում ենք պահքի առաջին քառասունքի  ավարտին՝ Մեծ պահքի վեցերորդ շաբաթի շաբաթ օրը, քանզի պահքն ու աղոթքը մեզ չարչարանակից են անում Քրիստոսին և մեր հոգին կենդանացնում պես-պես ախտերից, ինչպես Ղազարոսը հարություն առավ գերեզմանից: Վեցերորդ շաբաթը պատկերն է վեցերորդ դարի, երբ մարդկային բնությունը, երկար ժամանակ ընկղմված լինելով մարմնական հաճույքների մեջ, հիվանդացավ մեղքերի ախտով, իսկ Քրիստոս Իր գալստյամբ եղավ մարդկային բնության փրկությունն ու հարությունը: Օրվա կանոնը կատարվում է տասներորդ ժամին: Սա այն ժամն է, երբ Տերը Ղազարոսին հարություն տվեց գերեզմանից և ընթրեց Բեթանիայում: Նաև այս ժամին Ադամը ելավ Դրախտից ու ընկավ սգի ու տրտմության վայրը, և ավազակը մտավ Դրախտ (տե՛ս Ղուկ. ԻԳ 43): Սա նաև այն ժամն է, երբ բոլորիս Տերն իջեցվեց խաչից և գերեզման դրվեց:
Բոլոր աստվածային նշանները մեր Տէր Հիսուս Քրիստոսինն են: Դրանց մի մասը կարևոր են, իսկ մյուս մասը՝ առավել կարևոր: Եվ այս ամենով մեզ տրվում է հույս և երկնային մխիթարություն: Նշանների սկզբում Տերը ջուրը գինի դարձրեց, ապա բուժեց խեղանդամներին, հալածեց դևերին, իսկ երբ հասավ ժամանակը, Ղազարոսին հարություն տալով եզրափակեց նշանագործությունը:
Այս մասնավոր հարությունը խորհրդանշում է. նախ՝ մարդկային բնության նորոգությունը և բժշկությունը մեռելության ախտերից, ապա՝ համընդհանուր հարությունը՝ Տիրոջ մյուս անգամ գալստյամբ: Հավիտենական Կյանքը կամեցավ մեր ապականացու բնությանը հաղորդել Իր անմահությունը՝ ոչ միայն հոգով, այլև մարմնով, այդ պատճառով էլ սկզբում բժշկեց մարմնի փոքրագույն անդամները՝ չորացած ձեռքերը, ոտքերը, տեսողությունը, լսողությունը, ապա՝ ամբողջ մարմինը՝ բորոտությունից, անշարժությունից, այնուհետև՝ հարություն տվեց հազարապետի աղջկան ու նայինցի պատանուն, իսկ վերջում՝ գերեզմանից կանչեց չորսօրյա մեռած Ղազարոսին, որը բոլոր մարմինների հարության առհավատչյան է:
Այստեղից հարց է ծագում. առաջին հարց՝ ինչո՞ւ է Տիրոջ հարությունը ներկայացվում որպես համընդհանուր հարության օրինակ, քանի որ ինչպես Տերը Հայրոսի դստերը, այրու որդուն և Ղազարոսին հարություն տվեց այնպես էլ աշխարհի վախճանին բոլորին հարություն կտա:
Որովհետև չնայած որ նրանք հարություն էին առել Տիրոջ հրամանով, սակայն դարձյալ մահանալու էին, այդ պատճառով նրանց որպես հարության օրինակ չբերեց: Իսկ հավատարիմ և մեծագույն վկան ասում է. «Գիտենք, որ Քրիստոս, մեռելներից հարություն առած լինելով, այսուհետև չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի» (Հռոմ. Զ 9): Եվ մենք էլ հասարակաց հարության ժամանակ անմահությամբ ենք հարություն առնելու:
Երկրորդ հարց՝ եթե միշտ և բոլորից էլ զորավոր է հարություն Տվողը, ապա ինչո՞ւ է աշխարհի վախճանին անմահության հարություն տալիս, իսկ այժմ Նրա հրամանով հարություն առածները կրկին մահանում են:
Որովհետև դեռևս Իր մահն ուներ առջևում, դրա համար էլ սրանք պետք է մահանային, իսկ Նրա հարությունից հետո, երբ մահը Նրան այլևս չի տիրում, Նրա հրամանով մահացածներն անմահության հարությամբ պիտի հարություն առնեն: Որպեսզի Ինքը լինի ամեն ինչում առաջինը, և մեր հարությունը Նրա հարությունից բխի, որովհետև Նա է ննջեցեալների առաջին Պտուղը և Անդրանիկը մեռելներից (տե՛ս Ա Կորնթ. ԺԵ 20, Կողոս. Ա 18):
Տերը, Ղազարոսի հարությամբ ցույց տալով Իր զորությունը հրեաներին, ցույց տվեց նաև, թե ինչպես Իր մյուս անգամ գալստյան ժամանակ բոլոր մեռելներին պիտի կանչի և հարություն տա մի ակնթարթում, առանց ապականության:

Նյութը վերցված է Արամ Դիլանյանի <<Տերունի տոներ>> գրքից:

Комментариев нет:

Отправить комментарий