Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս` սքանչելագործ Աստված, հզոր և փառավորված, անիմանալի, վերացած ու բարձրացած` քան բոլոր փառքերը, Դո՛ւ, որ նստում ես քերովբեական կառքիդ մեջ և վերնային սրբասաց սերովբեների կողմից դավանվում ես որպես մեկը Սուրբ Երրորդությունից, որի համար Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, սոսկալի ձայնով երեքսրբյան փառաբանություն են մատուցում իրենց հրեղեն բերաններով` սարսափելով Քո աստվածության Աթոռի առջև, ասելով` լի է ողջ երկիրը Քո փառքով: Դո՛ւ, Տեր, տեղի տալով Քո մարդասիրությանը, չկարողացար անտեսել Քո արարածներին` հողից ստեղծվածներին, այլ բարեհաճեցիր նաև մեր բնությունից փառավորվել` մեր հողեղեն ու ստորակա բնությունը խառնելով վերնական, հոգեղեն ու հրեղեն աննյութական բնության հետ. աշխարհ եկար Հոր և Սուրբ Հոգու կամքով, ծառայի կերպարանք ստացար սուրբ և անարատ կույս Մարիամից, և Հոր ճշմարիտ խոսքդ` անեղծ ու անապական, նոր ու անճառելի խառնումով մարմնանալով և կատարելով բոլոր ստվերատիպ օրենքները, եղար օրենքի ու մարգարեների լրում` ճշմարիտ օրենսդիր, իմ Աստված Հիսուս Քրիստոս: Եվ ամեն ինչի ավարտին եկար խորհրդի վերնատուն, կատարեցիր նաև սա` նոր փրկագործության մովսիսադիր, ստվերատիպ, գառնազեն խորհուրդը, որը նախ Եգիպտոսում պատկերվեց. և արդ, Դու Ինքնին սուրբ քահանայապետդ` խորհուրդի կատարողն ու Աստծո գառը, որ վերցնում ես աշխարհի մեղքը, մեկ անգամվա պատարագով սիրով հատեցիր Քո մարմինը` բաշխելով Քո ընտրյալ աշակերտներին. և նրանց հրամայեցիր մեզ համար եղած Քո կամավոր չարչարանքներն ու մահը պատմել մինչև Քո մյուս անգամվա երկրորդ ու փառավոր գալուստը: Բայց նախքան այս բոլորը, անճառելի խոնարհությամբ մեկ կողմ դնելով հանդերձները, դաստառակով զգեստավորվեցիր` Դո՛ւ, որ լույսը հագած ունես որպես վերարկու. և Դո՛ւ, Ում ծնրադրում են երկնավորներն ու երկրավորները, հողեղեն ոտքերը լվանալու նպատակով տնօրինական մարդեղությամբ խոնարհվելով աշակերտների ծնկների առջև և մասնավորապես սուրբ ավազանի խորհուրդը պատկերելով, միայն ոտքերը լվանալով ճանաչեցնել տվեցիր. իսկ կատարյալ խոնարհությունդ հայտնապես ուսուցանեցիր ու ավանդեցիր` ասելով, թե` մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես որ ես ձեզ արեցի, դուք էլ միմյանց անեք: Եվ արդ, բարերար Տեր, մենք` Քո մեղավոր ծառաներն ու Քո արոտի հոտը, սուրբ առաքյալների միջոցով մեզ ավանդված Քո աստվածային օրենսդրության համաձայն սուրբ եկեղեցու գավիթում հավաքվածներս, աղաչում ենք Քեզ, արքունական աթոռից ուղարկիր Քո էակից և Քո ծնողին փառակից Սուրբ Հոգուդ, որպեսզի գալով հանգչի մեր հավաքատեղիում և սրբի այս ջուրը` մեր մեղքերի թեթևության և ամեն տեսակի բարի ճանապարհների ընթացքի համար, որպեսզի սրանով զորացնելով մեր գարշապարները, խաչով զգեստավորված` անխափան ընթանանք Քո պատվիրանների հավիտենական ճանապարհով և արժանի լինենք հասնելու սրբերի ժառանգության բաժնին` լույսի մեջ, և գոհանալով փառավորենք ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
ԱՍՏՈՒԾՈ ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒՔ
Դարձյալ երկրպագում և աղաչում ենք Քո ամենագութ ողորմությանը, քավի՛ր մեր հոգիների ախտն ու անօրենությունն այս ջրի միջոցով, ինչպես ողջ երկրի անօրենությունը Նոյի օրոք` հեղեղի ջրով, և ինչպես Նեեման Ասորու բորոտությունը` Հորդանանի ջրով, և ինչպես զանազան ախտերը` Սելովմի ջրերի հուզվելու միջոցով, և ինչպես ողջ աշխարհի մեղքը` վերստին ծննդյան սուրբ ավազանի միջոցով. և ինչպես որ այն ժամանակ, հաստատելով Քո ճշմարիտ մարդեղությունը, տնօրինաբար խոնարհվեցիր և լվացիր Քո երանելի առաքյալների ոտքերը` զորազնելով նրանց գարշապարները ողջ տիեզերքում Քո Ավետարանով ընթանալու, ինչպես և աներկյուղ համարձակությամբ թշնամու զորությունները կոխոտելու համար, նույնպես և մեր մեջ հրաշագործիր, մարդասեր Տե՛ր, Քո աներևույթ գալստյամբ, որպեսզի և մենք, Քո շնորհներով զորացած, անխափան ընթանանք Քո պատվիրանների շավիղներով, որով և փրկության հասնելու արժանանանք Քո բոլոր սրբերի հետ, և գոհանալով փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս. Ամեն:
ԱՊԱ ԱՂՈԹՔ ՄԻԱՅՆ ՅՈՒՂԻ ՎՐԱ
Ամենքի գլուխ մեր Քրիստոս Աստված, Քո մեծ ողորմության պատճառով յուղի օծումն ընդունեցիր պոռնիկ կնոջից և նրա հիշատակն ավանդեցիր ողջ տիեզերքում` Քո քարոզության սուրբ Ավետարանի միջոցով: Ուստի սուրբ առաքյալները, օրհնության նույն յուղը Սուրբ Հոգու տվչությամբ ընդունելով, ավանդեցին Քո բոլոր հավատացյալներին, որպեսզի քահանայական խորհրդակատարությամբ պաշտվի Քո Սուրբ Եկեղեցու մեջ: Արդ, մենք, ըստ այն յուղի օրինակի, օրհնում ենք այս յուղը Քո հավատացյալների ոտքերի օծման համար և խնդրում ենք Քո մարդասիրությունից` ուղարկի՛ր մեզ մոտ Քո շնորհների նույն Հոգին, որը գալով թող մեր մեջ բնակվի և բժշկի մեր հոգիների մեղքերը: Որպեսզի միշտ և ամեն ժամ գոհանալով Քո ամենառատ գթությունից, կատարենք Քո Աստվածային խոնարհության հիշատակը և փառավորենք Քո սքանչելի տնօրինությունների զորությունը, ըստ որի փառավորված ես բոլոր արարածներից, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Комментариев нет:
Отправить комментарий